Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 9-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեխաները Հայաստանի քաղաքացիներ են, ամառային հանգիստը ցանկանում են անցկացնել հայրենիքում, սակայն Ռուսաստան վերադառնալիս նրանց անձնագրերի վավերականության ժամկետները լրացած են լինելու: Հարցը հետևյալն էր՝ քանի որ ծնողները երեխաների հետ չեն գալու Հայաստան, կարո՞ղ են լիազորված անձի միջոցով ստանալ անձնագիր: Քաղաքացուն տեղեկացվել է, որ հին նմուշի անձնագիրը լիազորագրով հնարավոր չէ տրամադրել: Ինչ վերաբերում է կենսաչափական տվայալներ պարունակող անձնագրին, ապա «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Այսինքն, կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադիր չէ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությունը:
Լիբանանում բնակվող Հայաստանի քաղաքացուհին տեղեկացրել է, որ ամուսինը նույնպես ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն, սակայն եթե իրենք չեն բնակվում Հայաստանում, կարո՞ղ է ամուսինը դիմել քաղաքացիություն ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ եթե դիմումատուն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ապա Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար գործում է պարզեցված կարգը՝ վերջին 3 տարին ՀՀ-ում օրինական կարգով բնակվելու պահանջը կարող է չկիրառվել: Տվյալ դեպքում, դիմումը կարող է ներկայացվել օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:
ՌԴ-ում բնակվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ նախկին ՀԽՍՀ քաղաքացի է, 1992 թ.-ից բնակվում է Ռուսաստանում և չի ստացել այլ երկրի քաղաքացիություն: Ցանկանում է իմանալ՝ կարո՞ղ է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր: Նրան պարզաբանվել է, որ եթե մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը՝ 1995 թ. նոյեմբերի 28-ը, որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի: Անհրաժեշտ է դիմել դիվանագիտական ծառայություն՝ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 16-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am,qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: