skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09.12.2014 18:31
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին։
Զանգահարած մեր հայրենակցի հարցը վերաբերում էր նրա 26-ամյա որդու զինապարտությանը։ Երիտասարդը ծառայել է այլ պետության զինված ուժերում, սակայն մինչ այլ պետության քաղաքացիություն ստանալը, ունեցել է ՀՀ քաղաքացիություն։
Մեր հայրենակցին պարզաբանվեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը, համաձայն որի՝ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այլ պետությունում զինծառայությունից։
Մեր մեկ այլ հայրենակից ցանկանում էր տեղեկանալ, թե ինչ իրավական ակտերով են կարգավորվում ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու իրավահարաբերությունները։ Նրան պարզաբանվեց գործող կարգը, նաև տրամադրվեց իրավական ակտերի ցանկը։
Հայաստան գալ ցանկացող՝ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացուն, որի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, նախ պարզաբանվեց գործող կարգը, համաձայն որի օտարերկրա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայության միջոցով կարող է ստանալ ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, ապա հավելվեց, որ նա հայրենիք կարող է գալ նաև տվյալ երկրում գործող մեր դիվանագիտական ծառայության տրամադրած վերադարձի վկայականով, հետո արդեն պետք է սահմանված կարգով դիմում ներկայացնի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Մեր մեկ այլ հայրենակից, որ 90-ական թվականներից բնակվում է այլ պետությունում, ցանկանում էր տեղեկանալ՝ արդյո՞ք այդ հանգամանքն ինքնին հանգեցրել է նրա՝ ՀՀ քաղաքացիության դադարեցմանը։ Պարզաբանվեց, որ անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին քանի տարի է բնակվում այլ երկրում, չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով։
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը։
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police