skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03.12.2014 11:57
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ՀՀ քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը երկարացնելու կարգը: Նրան պարզաբանվեց, որ կարող է դիմել կա՛մ ՌԴ-ում մեր երկրի դիվանագիտական ծառայություն, կա՛մ լիազորված անձի միջոցով՝ անձնագրային ծառայություն:
ՌԴ-ում բնակվող մեկ այլ ՀՀ քաղաքացի, որ միայնակ մայր է, եւ երեխան ծնվել է Ռուսաստանում, ցանկանում էր տեղեկանալ՝ կարո՞ղ է երեխայի համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դիմում ներկայացնել: Նրան պարզաբանվեց, որ եթե երեխայի ծնողները (տվյալ դեպքում՝ մայրը) նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, ինչի համար կարելի է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն կամ Հայաստան վերադառնալու դեպքում՝ անձնագրային ծառայություն:
Զանգահարած մեր մյուս հայրենակիցը, որ այլ երկրի քաղաքացի է, հայտնել է, որ 23 տարեկան է, ծառայել է տվյալ պետության զինված ուժերում եւ ցանկանում է տեղեկանալ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պե՞տք է ծառայի ՀՀ զինված ուժերում: Նրան պարզաբանվեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը. ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն:
Զանգահարած մեր բոլոր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխանններ:
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police