Էրեբունիում տղամարդը խեղդամահ էր արել կնոջն ու վնասել իրեն
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Սուվորովի փողոցի թիվ 56 տանը տղամարդը սպանել է կնոջն ու վնասել իրեն։ Ահազանգին արագ արձագանքած Էրեբունու ոստիկանները մեկնեցին Սուվորովի փողոցի նշված տուն։ Տղամարդը խոհանոցում էր, դուռն էլ՝ փակ։ Օպերատիվ խմբի ճշգրիտ գործողությունների շնորհիվ նա բացեց դուռը։ Խոհանոցում արյան հետքեր էին, հատակին՝ կնոջ դին։ Նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով 52-ամյա տղամարդը խեղդել էր 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել իր ձեռքը ու մեծ քանակությամբ արյուն կորցրել։ Տղամարդը քրեական հետախույզների ուղեկցությամբ տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվեց՝ ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրած վերք, ջլերի և նյարդանոթային խրձերի վնասում։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական մարմնին։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: