81-ամյա կնոջ սպանություն Նորագավիթում․ մեկ անձ ձերբակալվել է․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 8-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տանն իր մորաքույրը մահացել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը տեղում պարզեցին, որ 81-ամյա Լուսյա Մկրտչյանի պարանոցին կտրած-ծակած վնասվածքներ կային. միայնակ ապրող կնոջը սպանել էին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ ՔՈԳՎ, ԵՔՎ ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառուին դանակով հարվածներ էր հասցրել նույն թաղամասում բնակվող 44-ամյա մի տղամարդ։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները հանգուցալուծվեցին դեպքից ժամեր անց՝ արդեն փետրվարի լույս 9-ի գիշերը։ Տղամարդը ժամը 4-ին հայտնաբերվեց Նորագավիթում ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն հանցագործության գործիք դանակը, այլև մարիխուանայի նմանվող զանգված ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Սպանության հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: