Սպանության փորձ վաղ առավոտյան. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 24-ին, առավոտյան ժամը 7-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվում, թե Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանում կարծես դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Երևանյան փողոց` ճշտելու տեղեկության իսկությունը:
15 րոպե անց արդեն հիվանդանոցից է ստացվում հաղորդում. հայտնում են, որ վերոհիշյալ հասցեից բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի կին` կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:
Ոստիկանության բաժնից մի խումբ էլ մեկնում է հիվանդանոց, սակայն շատ բան պարզել չի հաջողվում. ըստ բժշկի տեղեկանքի` կինն ի վիճակի չէր հաղորդում տալու:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվում է, որ ժամը 06.30-ի սահմաններում տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կնոջ ազգական, նույն տանը բնակվող 27-ամյա երիտասարդն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել նրա մարմնին: Երկրորդ ահազանգից մոտ կես ժամ անց երիտասարդը բերման է ենթարկվում, խոստովանում արարքն ու ձերբակալվում:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: