ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է Գյումրիում մեկ տարի առաջ կատարված սպանություն

23.07.2024 16:01 Սպանություն

Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:
Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվող 56-ամյա կնոջ դիակն է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը: Բաժնում նա խոստովանել է, որ 2023 թ. ապրիլի վերջ-մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում լինելով 56-ամյա կնոջ մոտ՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, իսկ առավոտյան արթնանալով տեսել է, որ կինը մահացել է: Ապա վերցրել է նրա բջջային հեռախոսները, տան և բակի դռները բանալիով փակել է ու հեռացել:
Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: