Բնակարանային գողություն Լեռնանցք գյուղում․ Սպիտակի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Ապրիլի 26-ին ոստիկանության Սպիտակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թիրախը Լեռնանցք գյուղի տներից մեկն էր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց, որ հանել են պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանը,ապա մտել ներս ու գողացել հեռուստացույց և համակարգիչ։
Տարածքային քննչական բաժնում բնակարանային գողության փաստով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սպիտակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։
Հետևողական աշխատանքը դեպքից մեկ ամիս անց արդյունք տվեց։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց Ջրաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հունիսի 12-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողոնի մի մասը. մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: