Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սարգիս Քոլոզյան. նա զոհվեց Հաղթողի պես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քսանհինգ տարի առաջ էր, մայիսին: Արցախյան ազատամարտի ամենածանր ու հակասական օրերն էին` սկսվել էր խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ` «Կոլցո» օպերացիան: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ գործուղվել էին Գորիսի սահմանամերձ գոտի` պաշտպանելու հայրենիքն ու ժողովրդին: Հերոսության օրեր էին, հերոսացավ նաեւ Սարգիս Քոլոզյանը:
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում ենք. միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սարգիս Քոլոզյանի մասին ռեպորտաժ ենք պատրաստելու:
Սարգիս Քոլոզյանի եղբոր ու մարտական ընկերների հետ գնում ենք նրա հուշակոթողին այցի:
Սարգիս Քոլոզյանի շիրիմի վրա մատուռ է. հուշապատին փորագրված «Արիության» եւ «Սխրագործության» մեդալները, վերեւից թափանցող լույսը, վայելչակազմ, խրոխտ երիտասարդը՝ անբաժան զենքով... այստեղ ամեն ինչ ակնածանք է ներշնչում...
Ծնողները որդուն կնքել էին Զորավար Անդրանիկի հարյուրապետ Սարգիս պապի անունով: Նա հպարտանում էր պապի հերոսական ճանապարհով, նաեւ անվանն արժանավոր լինելու գիտակցումն ուներ:
Ռյազանի դեսանտագրոհային գնդում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում: Իսկ երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, երբ երկրի սահմանները դարձան թշնամու ոտնձգությունների թիրախ, կապավոր Սարգիս Քոլոզյանը սահմանային տարբեր հատվածներում ռադիոէլեկտրոնային սարքավորումներ էր տեղադրում, ապահովում կապի անխաթարությունը:
1989-ին ընդգրկվեց «Դավիթ Բեկ» ջոկատում, իսկ երբ 1990-ին կազմավորվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, առաջին անդամագրվողներից էր: Ցավոք, նաեւ առաջին զոհը...
Սարգիս Քոլոզյանի մարտական ընկեր Շալիկո Կարոյանն ասում է. «Սարգիսն իր համարձակությամբ, խիզախությամբ ոգեւորում էր մեզ, գոտեպնդում: Ուժեղ էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Վախ չուներ: Լավ էր տիրապետում ձեռնամարտի հնարքներին, ասում էր՝ զենքս խեղճացավ, ձեռքերս կան ու կան...»:
1991 թվականի գարունն էր. տխրահռչակ «Կոլցո» օպերացիան գործում էր դավադրորեն, իսկ 1991-ի մայիսի 5-ից նենգ գործողությունների թիրախ դարձան Հայաստանի միլիցիայի աշխատակիցները....
«Սկզբում լավ չէինք պատկերացնում, թե ինչ է իրականում «Կոլցո» օպերացիան,- ասում է Շալիկո Կարոյանը,- դա խորությամբ զգացինք, երբ Ոսկեպարում զոհվեցին նոյեմբերյանցի տղերքը, երբ մեր տասնյակ գործընկերներ գերի ընկան: Երբ Շուռնուխում զոհվեց մեր Սարգիսը...»: Հետո հավելում է՝ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի բոլոր տղաներին հայրենասիրությունն էր առաջնորդում, մենք գիտակցում էինք, որ մեզ վրա է դրված սահմանների պաշտպանության գործը»:
Սարգիս Քոլոզյանի ավագ եղբայրը՝ Ժիրայրը, հիշում է. «Փոքր ժամանակվանից մեծ սեր ուներ զենքի նկատմամբ: Խնդրում էր իր համար փայտե թուր կամ ատրճանակ պատրաստել, ապա ձեռքն էր առնում ու գնում «թշնամու բանակը» ջախջախելու.....»:
Սարգիս Քոլոզյանը մարտական մկրտություն ստացավ Երասխում, ապա՝ Վայք, Գորիս...
1991-ի մայիսին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ գործուղվում են Գորիսի սահմանամերձ գոտի:
Սարգիս Քոլոզյանը, Արամ Գաբրիելյանն ու Մայիս Սարգսյանը պաշտպանում էին Գորիսի հեռուստաաշտարակը, որտեղից ռադիոկապով համակարգվում էին Գորիսից Կապան մարտական գործողությունները: Հենց այս ուղղությամբ էլ տեղի ունեցավ հակառակորդի ներխուժումը...
Հեռուստաաշտարակի շենքում երեքով էին՝ երեքն ընդդեմ հակառակորդի ուժեղացված վաշտի:
Պատմում է Արամ Գաբրիելյանը: «Սարգիսը մեր ավագն էր, նրա հրամանով դիրքավորվեցինք: Ես ու Սարգսյան Մայիսը դրսում էինք, Սարգիսը հեռուստաաշտարակի ներսում էր: Ինձնից երեւի մի տասնհինգ մետրի վրա արկն ընկավ: Տեսա, որ Սարգիսը վիրավորվեց: Ես ու Մայիսը, արյան մեջ կորած, ընկած էինք հողաթմբերի վրա... Էլ ոչինչ չեմ հիշում...»:
Արամ Գաբրիելյանն ու Մայիս Սարգսյանը գերի են ընկնում. նրանք հետո ամիսներով մնացին ադրբեջանական բանտում: Սարգիս Քոլոզյանը մնում է մենակ: Կռվում է մինչեւ վերջին փամփուշտը, ապա ձեռնամարտի է բռնվում... Քաջի՛ կռիվ էր, Հաղթողի՛ կռիվ էր... Ու զոհվեց քաջի մահով, Հաղթողի՛ պես:
Պահեստի գնդապետ Արտակ Խաչատրյանն ասում է, որ Սարգսի նման տղաները այսօրվա սերնդին հայրենասիրության ամենամեծ դասը թողեցին: «Սարգսի հետ թեկուզ մեկ անգամ շփված մարդը չի կարող մոռանալ այդ ազնվագույն երիտասարդին, այդ հայրենասեր, խիզախ մարտիկին»,- ասում է Արտակ Խաչատրյանը: Չե՛ն մոռանում: Ամեն տարի մայիսի 7-ին ջրաշենցի դպրոցականները այցի են գալիս հերոսի հուշակոթողին, համագյուղացիները, մանկության ու մարտական ընկերները խունկ են ծխում, ու նրանց աղոթքը հասնում է բարձրում թեւածող Սարգսի հոգուն...
Մարտական ընկերներից շատերն իրենց որդիներին Սարգիս կոչեցին: Սարգիս Քոլոզյանի անունը կրող դպրոցը նրա անվան փողոցում է: Դպրոցում նրա պատվին Սարգիս անվանակոչված շատերն են սովորում: Այստեղ հիշատակի անկյուն կա, որտեղ նաեւ հերոսի իրերն են պահվում... Ջրաշենցի դպրոցականները գիտեն՝ Սարգիս Քոլոզյանի նման քաջերը զոհվեցին, որ իրենք ապրեն, որ Հայաստան աշխարհը հարատեւի...
Մեր հաջորդ կանգառը Սարգիս Քոլոզյանի տունն է: Լուսանկարներ, մեդալներ, հերոսի մասին հրապարակումներ... Սարգսի անցած կարճ, բայց փառահեղ ճանապարհի խոսուն վկայություններն են: Ու նաեւ թանկագին մասունք՝ մոր համար...
«Ես շատ հպարտ եւ շատ ուժեղ մարդ եմ, այնքան ուժեղ, որ Սարգսիս կորցնելուց հետո Ժիրայրիս ճանապարհեցի Ղարաբաղ»,- ասում է Սարգիս Քոլոզյանի մայրը՝ տիկին Ռիման:
«Հերոսն այս մայրն է, որ Սարգսի նման զավակ է ծնել»,- ասել են Սարգիս Քոլոզյանի հուղարկավորությանը մասնակցած զորահրամանատարները: Այդպես է՝ հերոս է նաեւ հերոս ծնող մայրը:
Տիկին Ռիման հիմա մի մտահոգություն ունի՝ որդին զոհվեց, որ երկիրը հզորանա, որ հայ ժողովուրդը լավ ապրի: Հիմա նա ամեն օր աղոթում է, որ Հայաստանի ու Արցախի սահմաններին կանգնած զինվորներն անփորձանք տուն դառնան, որ պատերազմ չլինի...
... Տունը, այգին, Սարգսի տնկած ծառը նրա հիշողությունն են պահում: Այնպիսի տպավորություն է, թե տան տերը՝ խիզախ, ուժեղ, վայելչահասակ, ուր որ է կերեւա լույսի միջից ու կասի՝ մա՛մ, ընկերներս հետս են, հա՛ց դիր...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ