ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է քաղաքացի Աննա Սողոմանյանի բաց նամակը, որով նա պահանջում է իր անունը հանել ՀՀ ընտրացուցակներից եւ չներառել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ընտրական ռեգիստրում:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը պատասխանատու է ՀՀ ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ ոստիկանությունը որպես ընտրողների ռեգիստրը վարող պատասխանատու մարմին, իրավասու չէ անձին իր դիմումի համաձայն հանելու ընտրողների ռեգիստրից: