Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի տներից մեկում պահվում է ապօրինի զենք ու զինամթերք:
Ապրիլի 19-ին բաժնի ծառայողներն այցելեցին հիշյալ տուն: 62-ամյա տանտիրուհին ոստիկանների պահանջով ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի գործարանային համարն անընթեռնելի էր, նաև ինքնաձիգի 91 փամփուշտ, մասամբ լիցքավորված հինգ փամփշտակալ և այլն:
Տանտիրուհին հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած ամուսնուն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: