Պարեկները հետապնդել, ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել տերմինալը վնասած տղամարդկանց
10.02.2025 14:27
Արձանագրված դեպքեր

Փետրվարի 8-ին, ժամը 6.15-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի հասցեներից մեկում տեղադրված տերմինալը կտրում են: Միաժամանակ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տերմինալի ազդանշանը միացել է:
Սվաճյան փողոց մեկնած Երևան քաղաքի պարեկները նշված վայրում նկատել են երկու քաղաքացու, որոնք տեսնելով պարեկներին՝ դիմել են փախուստի, իսկ կրպակի դռները բաց էին, տերմինալը՝ վնասված: Պարեկները հետապնդել են փախուստի դիմած անձանց, ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Պարզվել է, որ փախուստի ընթացքում նրանք նետել են անկյունահղկիչ:
Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա և 32-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին: