Աշտարակի ոստիկանները բացահայտել են Ուջան գյուղում կատարված վճարային տերմինալի գողության դեպքը
Մարտի լույս 21-ի գիշերը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում գողություն էր եղել։ Ժամը 4.30-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք լինգով բացել էին գյուղի խանութներից մեկի դուռն ու գողացել 600 հազար դրամը գերազանցող վճարային տերմինալը, որի մեջ 67 հազար 500 դրամ էր եղել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը միջոցառումներ էր ձեռնարկել ոչ միայն հանցագործությունը բացահայտելու, այլև վճարային տերմինալը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից ժամեր անց տերմինալը հայտնաբերվել էր Ուջան գյուղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա՝ դաշտում։ Կատարողներին հայտնաբերել չէր հաջողվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան օրերս։ Աշտարակի ոստիկաններին հաջողվեց տվյալ ստանալ վճարային տերմինալը հափշտակած անձանց ինքնության վերաբերյալ։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ կասկածվողները՝ Երևանի 24-ամյա բնակիչը և Արարատ քաղաքի 30-ամյա բնակիչը, սեպտեմբերի 24-ին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Աշտարակի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: