ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունն ամրապնդվում է
Օգոստոսի 24-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը:
Նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորությամբ:
Արա Ֆիդանյանն իր ելույթում կարևորեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված աշխատանքներում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ այլ պետությունների տարածքում հանցավոր գործունեության մեջ ներգրավված միգրանտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ակտիվացումը: Նա նաև նշեց, որ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններից հետո պետք է առանձնակի ուշադրությամբ հետևել միգրացիոն հոսքերին, քանի որ Աֆղանստանում տիրող անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միգրացիոն հոսքի ավելացմանը, և պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր սցենարներին: Չի բացառվում, որ փախստականների քողի տակ զինյալները կարող են մուտք գործել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք: ՀԱՊԿ ձևաչափով համատեղ կանխարգելիչ միջոցառումների և ապօրինի միգրացիային հակազդելու հատուկ գործողությունների իրականացումը հնարավորություն է տալիս կենտրոնանալ անօրինական միգրացիայի ուղիների բացահայտման և կանխարգելման վրա, վերահսկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՀԱՊԿ անդամ պետություններում գտնվելու օրինականությունը, բացահայտել կեղծ փաստաթղթերի օգտագործման փաստերը:
ՀՀ ոստիկանության պատվիրակության մասնակիցները ներկայացրին 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը, հուլիսի 5-ից 12-ը ՀՀ տարածքում անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված «ՆԵԼԵԳԱԼ-2021» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքները:
Նիստի ավարտին որոշվեց 2022 թ. ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը անցկացնել Հայաստանում, քանի որ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը: