Արմավիրի մարզի ոստիկանները Լուսագյուղի 60-ամյա բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուսագյուղ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրամիջոց: Հոկտեմբերի 2-ին նա ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված-մանրացված զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 4,33 գրամ քաշով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 87,4 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:
Լուսագյուղցի 60-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: