Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հուլիսի 19-ի գիշերը Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Փարաքար գյուղում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի ուղևորը փաթեթներ է նետել փողոց։ Պարզվել է, որ փաթեթներում մարիխուանայի նմանվող, չորացված, մանրացված զանգվածներ են։ Րոպեներ անց «Օպելի» վարորդը և ուղևորները հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, թե ով է մարիխուանայի նմանվող զանգվածները մեքենայից նետել։ Նրա անձնական խուզարկությամբ կաթուցիչներ են հայտնաբերվել։ Բացի այդ, բերման ենթարկվածներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: