Նկատելով ոստիկանության ծառայողներին՝ թմրամիջոցը գցել էր մեքենայի նստատեղի տակ
Դեկտեմբերի 7-ի ժամը 23.15-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները «Տելեգրամ» կայքէջի միջոցով ձեռք են բերել թմրանյութ և ուղևորվում են Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Ախուրյանի համայնքային ոստիկանները և Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23.40-ին Գյումրիի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Օպելով» հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխվել Գյումրիի բնակիչ 28-ամյա վարորդին և օտարերկրյա քաղաքացի ուղևորներին:
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, սակայն բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել են, որ տելեգրամյան ալիքի միջոցով գնել են մարիխուանա, որը Ախուրյան գյուղի կաթի գործարանի հարակից տարածքից վերցնելուց հետո նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գցել են մեքենայի նստատեղերից մեկի տակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» զննության ժամանակ գյումրեցի 28-ամյա երիտասարդը նստատեղի տակից ներկայացրել է 26,35 գրամ զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն մարիխուանա է:
Կատարվում է նախաքննություն: