68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: