Ձերբակալելուց հետո հետախուզվողի մոտ նաև հայտնաբերվել է մեթամֆետամին
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 4-ին: Ժամը 19.50-ին Երևանի Օհանովի փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց այս տարվա մայիսի 10-ից բաժնի կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը: Դեպքը, որի համար հետախուզվում էր տղամարդը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: 71-ամյա կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցում իրեն մոտեցել է գլխարկով դեմքը փակած մի տղա, հարձակվել իր վրա, զենքով սպառնացել, քաշքշել և հափշտակել պայուսակը, որի մեջ կային բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր և գումար: Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում էլ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ դեպքից երկու օր անց պարզվել էր կատարողի ինքնությունը: Պարզվել էր նաև, որ ավազակությանը հանցակցել է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում հաշվառված 53-ամյա մի տղամարդ: Ավելի ուշ ավազակային հարձակումն անմիջականորեն կատարողը` մայրաքաղաքի Վրացյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը, հանրապետության սահմանը հատելիս Բագրատաշենի անցակետում ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Ինչ վերաբերում է նոյեմբերի 4-ին ձերբակալված 53-ամյա հանցակցին՝ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել է փորձաքննություն: Տղամարդը կալանավորվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: