Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 26-ին Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 250 մլ թափանցիկ հեղուկով երկու տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառումով, ներարկիչ և 4 դեղահաբ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է 56-ամյա համաքաղաքացին: Նա թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 100 մլ մեթադոնային լուծույթ:
56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: