Շենգավիթի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 12-ին Արտաշիսյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա գրպանից կաշվե պահոց է նետել կայանված բառնատարի տակ։
Բաժնում 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով կաթուցիչ, մոխրացած հետքերով գլանակ և դեղահաբեր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Արտաշիսյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է կաշվե պահոց մարիխուանա տեսակի թմրամիջոցի 3 փաթեթով՝ ընդհանուր 2․61 գրամ քաշով, ինչպես նաև ծալովի դանակ:
Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
