Ծանրոցում 100-ից ավելի սուբուտեքս կար. երկու անձ ձերբակալվել են
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացան հերթական տվյալները, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 46, 49 և 55 տարեկան երեք տղամարդ՝ երեքն էլ Սևանի բնակիչներ։ Նրանք կասկածվում էին թմրամիջոց Հայաստան ներմուծելու, ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։ 46 և 49 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեմետ դեղահաբեր, մարիխուանա, կաթուցիչ, դանակ և այլն։ 55-ամյա տղամարդու մոտ ծանրոց կար, որի մեջ դեղահաբերի համար նախատեսված պլաստմասսե տարա էր, իսկ տարայում՝ 101 դեղապարկուճներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ բուպրենորֆին թմրամիջոց պարունակող, «B8» գրառմամբ սուբուտեքսի հաբեր էին, ինչպես և 64 գրամից ավելի սպիտակ փոշենման զանգված: Նույն օրը Սևանի բաժնում հարուցվեց քրեական գործ, բերման ենթարկվածներից 46 և 55 տարեկան տղամարդիկ ձերբակալվեցին: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: