Ոստիկանության 102-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ
Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է։
Տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում շնորհավորեց ոստիկանության ծառայողներին։
Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։
Նույն օրը ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։
Ոստիկանության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով ողջունեց և շնորհավորեց ոստիկանության ղեկավարությանն ու կոլեգիայի անդամներին։
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության Նախագահին` ջերմ խոսքերի համար և հավաստիացրեց, որ ոստիկանության ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ ավելի ուժեղ ու կայացած կառույց դառնալու համար։
Ոստիկանությունում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Նա նշեց, որ ոստիկանությունը բազմաֆունկցիոնալ կառույց է և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության օպերատիվ ու արտաքին ծառայությունների աշխատակիցներին, ոստիկանության զորքերին, քաղաքացիներին ծառայություն մատուցող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, օժանդակող վարչությունների աշխատակիցներին։
Արման Սարգսյանը շեշտեց, որ հատկապես արտակարգ դրության պայմաններում ոստիկանության կրտսեր ու միջին խմբի ծառայողները, բժիշկների հետ միասին, կանգնած են համավարակի դեմ պայքարի առաջնագծում։
Շնորհավորական խոսքից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ազգային անվտանգության քարտուղարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին պետական պարգևներով՝ մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով։