Բացահայտվել են թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները
Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել են ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։ Պարզվել է նաև, որ ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է Հայաստանից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները։ Բացի այդ, երբեմն քաղաքացիների փոխարեն ինքն է ձեռք բերել բժշկական փաստաթղթեր։
Այսպիսով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կաշառք տալու և ստանալու, ինչպես և փաստաթղթերի կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
ԼՐԱՑՎԱԾ.
2019 թվականի դեկտեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: 2020 թվականի մարտի 10-ին ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Նրա ծառայողական լիազորությունները 2020 թվականի ապրիլի 29-ին ժամանակավոր դադարեցվել են:
Քննությունը շարունակվում է: