ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2020 11:35 Ուղերձներ

Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:
Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաև «Ոստիկանը մերն է» կոչերով: Առաջին հայացքից պարզ այս բառակապակցությունը ժողովրդի անունից ոստիկանին պատվիրակեց նոր առաքելություն՝ մեկընդմիշտ ամրագրելով ոստիկանության պատկանելիությունը:
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ երախտիքս ցանկանում եմ արտահայտել ընդամենը մեկ բառով և այն հասցնել ձեզանից յուրաքանչյուրին՝ շնորհակալությու՛ն:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Դուք գտնվում եք առաջնագծում, հանդիսանում հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկը: Լիարժեք չկրելով ձեր անտեսանելի աշխատանքի հաջողության բերկրանքը՝ ոչ բավարար արդյունքների դեպքում հաճախ քննադատվում եք: Մինչդեռ չեք հանձնվում, լուռ տանում եք դժվարությունները, գործում համբերատար, առանց շտապելու՝ քայլ առ քայլ մոտեցնելով հանցագործին արժանի հատուցման պահը:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Ձեր կատարած աշխատանքը հանրության աչքի առջև է և տեսանելի: Հիմնականում ձեր ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը, անմիջապես արձագանքում լավին կամ վատին: Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք օրնիբուն լուռ և անաղմուկ կատարում եք ձեր պարտականությունները, առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ապահովում եք հանրային անվտանգությունն ու անդորրը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին: Այսօր դուք հպարտ կանգնած եք Հայաստանի Հանրապետության սահմանին, միևնույն ժամանակ ամենօրյա ծառայություն եք իրականացնում արտակարգ դրության պայմաններում: Ձեր կողքին նվիրվածության և անձնազոհության դասեր են քաղում նաև ապագա ոստիկանները՝ կրթահամալիրի սաները:
Շնորհակալությու՛ն ոստիկանության մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցներին, բոլոր-բոլորին՝ հանցագործի ձեռքը բռնողից մինչև ժողովրդին ծառայություն մատուցող:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին, մեր ավագներին. եղեք միշտ առողջ ու մեր շարքերում:
Շնորհակալությու՛ն ոստիկանի ընտանիքի անդամներին: Ձեր ոստիկան ամուսնու և զավակների հետ գրեթե հավասար կրում եք դժվարություններ ու զրկանքներ, անքուն գիշերներ անցկացնում նրանց սպասելով, տանն ու դրսում լրացնում նրանց բացակայությունը և չեք ընկրկում այս ամենի առջև:
Հավերժ փառք իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր գործընկերներին:
Սիրելի՛ ոստիկաններ, մենք միայնակ չենք այս պայքարում: Այս իրողությունն է ապահովել մեր բազում հաջողություններն ու հաղթանակները, լրացրել մեր բացթողումները, օգնել տեսնելու թերություններն ու համակարգում տեղ գտած բացասական երևույթները: Այս պայքարում մշտապես մեր կողքին են եղել և կան երկրի բարձրագույն ղեկավարությունը, օրենսդիրը, ողջ իրավական համակարգը, զինված ուժերը, մյուս գերատեսչությունների մեր գործընկերները, լրագրողները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները և ամենից կարևորը՝ Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին: Թույլ տվեք իմ և ձեր անունից բոլորին հայտնել առանձնահատուկ շնորհակալություն:
Մեր մասնագիտական տոնին ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ, ինքներս մեզ խոստում տանք անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների անվերապահ կատարումը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջադրած խնդիրների լուծումը դարձնել ուղենիշ և իրագործել օրենքի երկիր կառուցելու բոլորիս երազանքը:
Խոստանանք, որ չենք հանդուրժելու ոստիկանի կերպարին անհարիր որևէ երևույթ, չենք ներելու այս ուղուց շեղվողներին և ուսադիրի պատիվը արատավորողներին, անշեղորեն գնալու ենք մասնագիտական հմտությունների և գիտելիքների կատարելագործման, ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանությունում իրական և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ոստիկան:


Արման ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետ