Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին. ինքնաձիգը հայտնաբերվել է
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ ստացան, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ Պարզվեց, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրա մեքենայի ուղղությամբ։
Ոստիկանության ծառայողները ժամը 12.30-ին կրակողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Վարդենիսի բաժին։ Նա խոստովանեց արարքը և ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: