Կեղծ վարորդական իրավունքի վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականներ. ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական իրավունքի վկայականների հիման վրա, տրամադրում են հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականներ։
Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական իրավունքի վկայականների հիմքերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական իրավունքի վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականներ։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական իրավունքի վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական իրավունքի վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականներ։
Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր։
Կատարվում է նախաքննություն: