Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Փետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:
Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր:
Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ զանգված՝ ընդհանուր 9 գրամից ավելի: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 40-ամյա տղամարդն է Էջմիածնի բնակչին թմրանյութն իրացրել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։
Հաջորդ օրը Վաղարշապատի ոստիկաններն Էջմիածնի Չարենցի թաղամասում իրականացրած գիշերային ծառայության ժամանակ կասկածելի մի տղամարդու էին նկատել, որը ոստիկաններին տեսնելով՝ գրպանից փաթեթ էր գցել: Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ թղթե փաթեթով մեթամֆետամի նմանվող բյուրեղանման զանգված հայտնաբերվեց: Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, ձեռք էր բերել Երևանում:
Հիշյալ դեպքերով նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: