Ստեղծագործում են ոստիկանության վետերանները. գրական-երաժշտական ցերեկույթ Գրողների միությունում
Հայաստանի Գրողների միության դահլիճում հունիսի 24-ին տեղի ունեցավ «Ստեղծագործում են ոստիկանության վետերանները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ։ Միջոցառումը նվիրված էր «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադրման 55-ամյակին: Այն կազմակերպվել էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների վետերանների խորհրդի նախաձեռնությամբ։
Մասնակցում էին ոստիկանության ստեղծագործող վետերաններ, ՆԳՆ համակարգի ծառայողներ, մտավորականներ ու հյուրեր։ Վետերանները ներկայացրին իրենց ծառայողական և ստեղծագործական ուղին, այն ներդրումը, որ ունեցել են ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ մշակութային կյանքում։
Ներկա էին նաև վետերանների թոռները: Նրանք հանդես եկան պապերի գրական ստեղծագործություններով՝ միջոցառմանը հաղորդելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։
Ներկաներին ողջույնի և գնահատանքի խոսքեր հղեցին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և միության անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Համագործակցության համար նրանք պարգևատրվեցին Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի շնորհակալագրերով։