Համայնքային ոստիկանները բացահայտել են դեպքը․ շտապօգնության աշխատակիցը մարմնական վնասվածք է ստացել օգնություն ցուցաբերելիս

Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: