Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի
Ապրիլի 7-ին՝ ժամը 19․50-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի։ Անցած տարվա օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր խուլիգանության և քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեկան ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, քրեական ոստիկաններին կամավոր ներկայացել ու նույն ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդ, որը 2004 թվականից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
