Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները մարտի 17-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Քանաքեռի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Երևան քաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել էր երկու կամ ավելի մարդու մահ. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Մարտի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 34-ամյա մի երիտասարդ: Նա 2025 թ․ հունիսի 5-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։
