Անկանոն կրակոցներ արձակել և վնասել էր համագյուղացու տան ցանկապատը
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ:
Պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ հուլիսի 16-ի ժամը 1-ի սահմաններում Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը իր վարած «ՎԱԶ-2107»-ի սրահից ապօրինի պահվող ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել՝ վնասելով համագյուղացու տան ցանկապատը, ինչից հետո ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում և մեքենայով հեռացել: Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Բաժնում տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել:
ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք,
Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: