Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2017 թ. 3 ամիսների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 13-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թվականի 3 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված խնդիրները, մայրաքաղաքում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։ Ներկայացվեց նաև Երևան քաղաքում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, ըստ ծառայությունների և համեմատական ցուցանիշների՝ անդրադարձ կատարվեց հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն անդրադարձավ օպերատիվ տնտեսության վարման կարգին, հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքներին:
Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրին իրենց ստորաբաժանումների կատարած աշխատանքները, վեր հանեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, ինչպես և ներկայացրին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սարգիս Մարտիրոսյանը բավարար գնահատեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը և տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: