«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ:
Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի բացման խոսքից հետո ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց քննարկման նպատակն ու խնդիրները և ընդգծելով ընտրությունների շրջանում փոխգործակցության պատշաճ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությունը՝ մասնակիցներին կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները:
Դրական գնահատելով հանրային քննարկման նախաձեռնությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձան ուղեցույցի մի շարք կետերի, առաջարկներ արեցին և պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում էլ օրենսդրական ու իրավակիրառման ոլորտում շարունակել գործակցությունը ոստիկանության հետ:
Հովհաննես Քոչարյանը անհրաժեշտ մեկնաբանություններ ու պարզաբանումներ ներկայացրեց դիտողությունների և առաջարկների վերաբերյալ և հավաստիացրեց, որ հետագա քննարկումների արդյունքում կատարված համապատասխան փոփոխությունները տեղ կգտնեն ուղեցույցում:
Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին: