Ոստիկանները Վայոց ձորի մարզում չարաշահումներ են արձանագրել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
Ոստիկանները փաստական տվյալներ էին ստացել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարը և համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք 2018-2020 թվականների ընթացքում, անձնական և այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Խախտելով «Հրապարակային սակարկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց աճուրդների մասին հրապարակային ծանուցումը պաշտոնական ազդարարման համակարգում հրապարակելու, փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել և ստորագրել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` աճուրդին իբրև մասնակցած անձանց վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, Զառիթափ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Խնձորուտ, Բարձրունի, Սարավան, Արտավան և Զառիթափ բնակավայրերին պատկանող ընդհանուր 55 հեկտարից ավելի հողատարածքներ օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչի հետևանքով սահմանափակվել է համայնքի այլ բնակիչների հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունքը և էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել, որ նշված համայնքի ղեկավարը, 1995-2016 թթ. զբաղեցնելով Սարավան համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականին համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ, խախտելով «Հրապարակային սակարկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, աճուրդին իբրև մասնակցած անձանց վերաբերյալ կեղծ արձանագրություններ են կազմել և Սարավան համայնքի 3 հեկտարից ավելի հողատարածքներ օտարել են համայնքի ղեկավարին և նրա կնոջը:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: