Ինքնաձիգներ, նռնակներ և այլն․ ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ և ինքնաձիգի մի քանի տասնյակ փամփուշտ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ատրճանակ, տարբեր տիպերի 45 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր հրազենների ու տրամաչփի 4300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 210 փամփուշտով և այլն։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ձեռք է բերել Արցախում։
Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչփի 28 փամփուշտ ու հայտնել, որ դրանք բերել է Արցախից։
Նաիրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 28-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ, պահունակներ ու փամփուշտների համար նախատեսված պայուսակ, որոնք, նախնական տվյալներով՝ բերել է Արցախից։
Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Արմավիրի մարզի երկու բնակիչ կամավոր հանձնել են տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, ինչպես և ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։
Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի փամփուշտները ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է 38-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ նռնակն ու փամփուշտները բերել է Արցախից։
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ձիթհանքով գյուղում բնակվող մի տղամարդ բաժնում հանձնել է Արցախից բերված պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։
Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7․62մմ տրամաչափի 40 փամփուշտը ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է Երևանում բնակվող 28-ամյա մի երիտասարդ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կրկին հորդորում ենք, Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնեք ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: