ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են կամավոր հանձնել

«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։ Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտով։ Ապրիլի 2-ին ոստիկանության Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի սկզբնամասում պարկով զենք-զինամթերք է թողել։ Նրա նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: