73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարեցին խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:
73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: