Ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում քաղաքացիները կամավոր զենքեր են հանձնել
Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի 62-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու ինքնաձիգի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել։
Գորիսի և Քաջարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գորիսի բնակչուհիներից մեկը բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու «ԻԺ» հրացանը, որը գտել էր խորդանոցը մաքրելիս։
Նաիրիի բաժնի և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Կոտայքի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Առանց գործարանային համարի «ՏՕԶ» հրացանը ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Լճաշեն գյուղի բնակիչներից մեկը։
Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիսից Էջմիածին տանող ճանապարհի նորակառույց շինության մոտ հրազեն է թողել։ Հիշյալ վայրում հայտնաբերվել է «ՏՕԶ» ակոսափող հրազեն ու 5,45 մմ տրամաչափի 128 փամփուշտ։
Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ծառայողների և Շենգավիթի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում էլ 47-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ, նռնակի պայթուցիչ, հակատանկային նռնականետ, էլեկտրադետոնատոր, փամփուշտներ և այլ զինամթերք, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: