Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։
Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակ ու տարբեր տրամաչափի 521 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: