Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհին

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող ազդանշանային սարք՝ 3 փամփուշտով, 7,62 տրամաչափի 76 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: