Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 150 փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի, Արտաշատի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Մասիսում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Արտաշատում՝ «Շմայսեր» ինքնաձիգի, Արարատում՝ «Կարաբինի»։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեծամորի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Տարբեր տեսակի նռնակներն ու պայթուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Հաղարծինի բնակիչներից մեկը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: