Ատրճանակ, հրացաններ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բնակչության շրջանում կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։
Ոստիկանության Թալինի բաժին եկած 54-ամյա տղամարդը, որը Կանչ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց դետոնացիոն քուղով նռնակ ու ինքնաձիգի 120-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը գտել է իրենց հացատնից։
Ոստիկանության Վարդենիսի բաժնում օրերս արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Գեղաքար գյուղի 61-ամյա բնակիչը կամավոր հանձնեց ակոսափող հրազեն ու փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ որդուն։ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ապրող 20-ամյա մի երիտասարդ էլ Վարդենիսի բաժին բերեց գործարանային համարով «ԻԺ» հրացան ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Սիսիանի բաժնում։ Սիսիանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն ատրճանակ՝ նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան տանիքը վերանորոգելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: