Նոյեմբերի 29-ին լրացավ միլիցիայի սերժանտ Սամվել Գուլանյանի մահվան 30-րդ տարելիցը․ նա զոհվեց հանուն այսօրվա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 29-ին լրացավ Սևանի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ Սամվել Գուլանյանի մահվան 30-րդ տարելիցը։ Ծովագյուղցի երիտասարդը առաջիններից մեկն էր, որ սահման մեկնեց՝ զրնվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը։ 1989-ի աշնանը Գորիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը վտանգի մեջ էին․ ադրբեջանցիների հետ զինված ընդհարումները դարձել էին շարունակական։ Գորիս գործուղված ոստիկանական խմբի մեջ էր նաև սերժանտ Սամվել Գուլանյանը։ Նա զոհվեց 1989-ի նոյեմբերի 29-ին Խնձորեսկ գյուղի տարածքում ծանր մարտերի ժամանակ՝ դառնալով ներքին գործերի ստորաբաժանումների առաջին զոհերից։ Վարսենիկ Գուլանյանի` որդեկորույս մոր անափ տխրության մեջ նաև առյուծածին մոր հպարտություն կա։
«Հինգ տարի հետո կլինեմ միլիցիայի բարձրագույն դպրոցի սովորող։ Ինչպես մինչև հիմա եմ ապրել, կշարունակեմ այսուհետ ևս լինել ազնիվ, շիտակ ու բարի։ 23 օգոստոսի, 1987 թվական, Ծովագյուղ»․ Սամվել Գուլանյանի երազանք-երդման խոսքերն են, որ պահ էր տվել թղթին։ Դպրոցն ավարտելիս դասընկերներով հավաքվել էին, ամեն մեկն իր երազանքը հանձնել էր թղթին, ծալել, լցրել էին շիշն ու այն թաքցրել՝ պայմանավորվելով, որ կբացեն 10 տարի անց։ Անցան տարիներ, շիշը բացեցին, ամեն մեկն իր գրածը կարդաց, իսկ Սամվելինը կարդացին բոլորով։ Նա զոհվել էր հանուն խաղաղության հաստատման, հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն այսօրվա։