Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել՝ կրկին սահման մեկնելու և հայրենիքին ծառայելու նաև հակառոկորդի առջև ամուր կանգնելով։ Ավանդույթի համաձայն նրանց դիրքեր ճանապարհելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
<<Ձեր խիզախությունը առանձնահատուկ գովեստի է արժանի։ Հպարտ եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար։ Ձեր օրինակը վարակիչ է>>․ — նշեց Վալերիյ Օսիպյանը։
ՀՀ ոստիկանության պետի տպավորիչ ելույթին հաջորդեցին օրհնության կարգն ու երդման արարողությունը։ Վերջում հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված ոստիկանները երթով անցան շարահրապարակով ու ճամփա ընկան՝ արդեն հինգերրորդ անգամ փոխարինելու դիրքերում կանգնած գործընկերներին։
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասում դիմավորեց սահմանից վերադարձած ոստիկաններին։ Նրանք իրենց պարտականությունները անթերի կատարած վերադարձել ու շարք են կազմել հպարտ կեցվածքով։
ՀՀ ոստիկանության պետը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված խնդիրները պատվախնդրորեն և անտրտունջ կատարելու համար։ <<Միշտ պատրաստակամ և միշտ պատրաստ․ այսպիսին պետք է լինի հայրենիքի պաշտպանը>>․- ընդգծեց ոստիկանության պետը։
Ծառայության ընթացքում աչքի ընկած ոստիկաններից մեկը Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացավ պատվոգրի։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ոստիկան-սահմանապահների քայլերթով։
Ավարտին Վալերիյ Օսիպյանը զրուցեց սահմանից վերադարձած ոստիկանների ծնողների և հարազատների հետ՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։