Ամփոփվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում անցկացված «Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության խորհրդի 2008 թ. սեպտեմբերի 5-ի որոշման և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2014 թ. մայիսի 20-ին, ժամը 12:00-ից մինչև մայիսի 25-ը, ժամը 13:00-ն, անցկացվեց «Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայված էր Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում:
Գործողության նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական թմրամիջոցների հոսքը դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում` Մաքսային դաշինքի մասնակից պետությունների տարածք, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերի կանխումը, ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը, ինչպես նաև իրականացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների գործնական և օպերատիվ-մարտական պատրաստականության գործողությունները Տաջիկստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության սահմանին հարող լեռնային պայմաններում:
ՀՀ ոստիկանությունից միջոցառմանը մասնակցեցին ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների մեկական ներկայացուցիչ:
Միջազգային համակարգման շտաբում, բացի ՀՀ ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև ՀԱՊԿ քարտուղարության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ներկայացուցիչները: Որպես դիտորդ հրավիրված էին նաև Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի և Չինաստանի ներկայացուցիչները:
Գործողությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու նպատակով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով իր աշխատանքները վերսկսեց «Կանալ» հակաթմրանյութային ազգային միջգերատեսչական շտաբը և հաստատվեցին գործողության օրացուցային պլանն ու գործողության մտահաղացումը:
Ստեղծվեցին 14 միջգերատեսչական համատեղ օպերատիվ խմբեր, որոնք տեղակայվեցին ՀՀ սահմանային մաքսային անցակետերում` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում, Բավրա, Գոգավան, Պրիվոլնոե, Մադան, Ջիլիզա, Բագրատաշեն, Մեղրի սահմանային անցակետերում, երկաթգծի «Այրում» կայարանում, Պրիվոլնոե-Սարչապետ /Լոռու մարզ/, Պաղաղբյուր-Ձյունանուշ-Մեծավան-Ձորամուտ /Լոռու մարզ/, Պտղավան-Հաղթանակ-Բերդավան /Տավուշի մարզ/, գ. Հաղթանակ, Ձորակերտ-Ծաղկուտ /Շիրակի մարզ/ սահմանային հատվածներում, Մեղրի-Գորիս մայրուղու ժամանակավոր ավտոկայանատեղում /Սյունիքի մարզ/, ինչպես նաև Երևան քաղաքում:
Գործողությանը մասնակցեցին ընդհանուր առմամբ 1339 ծառայող, որոնցից 1201-ը` ՀՀ ոստիկանությունից, 17-ը` ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից, 14-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, 7-ը` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից, 100-ը` ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունից և 2-ը` ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից: Բոլոր օպերատիվ խմբերն ապահովված են եղել կապի միջոցներով:
Գործողության ընթացքում ստուգման են ենթարկվել`
- օդանավակայաններում` 302 չվերթի 21023 ուղևորի /որից 9832-ը` օտարերկրացի/ 413 տոննա ուղեբեռերը,
-երկաթգծի կայարանում` 29 բեռնատար և 5 մարդատար գնացք,
-սահմանային անցակետերում, մայրուղիներում, քաղաքներում և շրջանցիկ հատվածներում` 20911 տրանսպորտային միջոց, 51356 ուղևոր /որից 13417-ը` օտարերկրացի/:
Արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 24 դեպք /քրեական պատասխանատվության է ենթարկվել 24 անձ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 1 կգ 104 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, որից 37.8 գրամ «ափիոն», 34.7 գրամ «մարիխուանա», 4.7 գրամ «հաշիշ», 0.36 գրամ «բուպրենորֆին», 26.4 գրամ «դեզոմորֆին», 1 կգ «կանեփ» տեսակի թմրամիջոց, 181 հատ հոգեմետ դեղահաբ:
Բացահայտվել է նաև տարբեր հանցագործությունների 35 դեպք, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5 ատրճանակ, 1 ինքնաձիգ, 11 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 2769 փամփուշտ, 8 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, 3 ական, 1 դինամիտ, 5 սառը զենք, 2 կռփազենք:
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 30 անձ:
Միջոցառման նախնական արդյունքներն ամփոփվել են միջազգային համակարգող շտաբի խորհրդակցության ժամանակ, որը անց է կացվել 2014 թ. մայիսի 25-ին` Տաջիկստանի Հանրապետության նախագահին առընթեր Թմրամիջոցների վերահսկման գործակալության վարչական շենքում /ք. Դուշանբե/:
«Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը, իսկ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների գործնական և օպերատիվ-մարտական պատրաստականության գործողություններին` Տաջիկստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության սահմանին հարող լեռնային պայմաններում մասնակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մուրադյանը: