Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանի մամուլի ասուլիսը:
Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինը ամիսներին ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:
2014 թ. ինը ամիսներին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 94-ով պակաս:
Թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, իսկ թմրամիջոց պարունակող բույս աճեցնելու համար՝ 32 անձ:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 882 կգ 84 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 40 գրամ հոգեմետ նյութ, երկուսուկես լիտր պրեկուրսոր:
Հայտնաբերվել է նաեւ բնակչության կողմից աճեցված երկու տոննա 261 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի բույս:
Վարդան Բադասյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ անցած ինը ամիսներին իրականացված կանխարգելիչ միջոցառումները, որից հետո սպառիչ պատասխաններ տվեց նրանց հարցերին: