Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակության շրջանում մեծացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այս մասին փաստում են ոչ միայն ոստիկանության ուսումնասիրություններն ու վիճակագրությունները, այլև սոցիոլոգիական հարցումները:
Վստահության աճը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Դրանցից մեկն էլ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են:
ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ ընդունում է քաղաքացիների, լսում նրանց բողոքները, խնդիրներն ու առաջարկությունները: Բարձրացրած բոլոր հարցրերն ու խնդիրները շատ հաճախ լուծում են ստանում տեղում: Ոստիկանության պետը տեղում կապ է հաստատում ստորաբաժանումների ղեկավարների հետ, տալիս կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: Որոշ խնդիրներ էլ լուծվում են դիմումներն ուսումնասիրվելուց հետո:
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ: Հանդիպումներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության ղեկավարությունն ու տարածքային բաժինների պետերը: Թեև քաղաքացիների բարձրացրած խնդիրները ոչ միշտ են կապված լինում ոստիկանության գործառույթների հետ, այնուհանդերձ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարությանը հանձնարարվում է աջակցել քաղաքացիներին՝ հարցերին դրական լուծումներ ստանալու համար:
Ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները բակային հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Այդ ընթացքում լսում են նրանց բողոքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են նաև հանցագործությունների թիրախ չդառնալու, գույքն ապահով պահելու և ոստիկանության հետ համագործակցության մասին հարցեր:
Երկար կարելի է խոսել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդնանն ուղղված միջոցառումների մասին: Խոսենք թվերով: Միայն այս տարի՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք, անցած տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 978.174 էր:
1.108.710 դիմում-բողոքներից դրական լուծում են ստացել 1.025.576-ը: Սա 13 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ոստիկանությունն ընթացք է տալիս քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին: Որևէ դիմում-բողոք չի անտեսվում:
ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացու կողքին է: Ոստիկանությունը, հավատարիմ կարգախոսին, ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին: