Խուզարկությամբ «Մետանֆետամին» թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Փետրվարի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և ՀՀ-ում ՌԴ սահմանապահ ջոկատի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Երևանի Խորենացու փողոցի թիվ 31 հասցեի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1986 թ. ծնված Մոհսեն Գ.-ին և 1984 թ. ծնված Արտուշ Ա.-ին:
Մոհսեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է մոտ 124.30 գ «Մետանֆետամին» թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ վերջինիս բնակության վայրում նրա հետ համատեղ բնակվող Վահիդ Ա.-ն Մոհսեն Գ.-ի բաճկոնի գրպանից ներկայացրել է մոտ 130 գ կշռով «Մետանֆետամին» թմրամիջոցի նմանվող զանգված:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ փետրվարի 25-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները խուզարկություն են կատարել Մոհսեն Գ-ի ժամանակավոր բնակության հյուրանոցային համալիրի սենյակում, որտեղ մահճակալի վրայից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել ընդհանուրը 4.43 գ անձեռնոցիկի փաթեթ, իսկ փաթեթում` մոտ 2.73 գ «Մետանֆետամին» թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: